Ցուցարարները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը. Aravot.am

Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ, գրում է «Առավոտ»-ը: Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Ըստ աղբյուրի՝ բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։ Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։ Ցուցարարների հետ հանդիպել է ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել եւ հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։ Նրանք պնդել են, որ սա քաղաքական պայքար չէ. «Մենք դեմ չենք կառավարությանը կամ որեւէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը»,- նշել է ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս