«Ցլանոց» ռեստորանի մոտից բերման է ենթարկվել «Վարդենիսցի Ռոմիկը»․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին ոստիկանները Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում ձերբակալվել է Վարդենիս քաղաքի բնակիչ 36-ամյա Ռոմիկ Մինասյանը, ով Գեղարքունիքի մարզում քրեական պատմություններով հայտնի մականունավոր «Վարդենիսցի Ռոմիկն» է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 1-ին, ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում սենյակի պատուհանից անկանոն կրակոցներ արձակելու մեջ։ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոմիկ Մինասյանը հայտնաբերվել է Վարդենիսում հայտնի «Ցլանոց» կոչվող ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս