Տիկին գլխավոր դատախազ, իրավաբանությունը, այդ թվում դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն. փաստաբան

Իմ գործերից մեկով պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել դեռևս 2022 թվականի հունիսին՝ մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Գործով նախաքննությունը ավարտվել է դեկտեմբերին և այն ուղարկվել է դատարան, որը գործը պետք է քննի արդեն նոր օրենսգրքով սահմանված կարգով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քրեական գործերով փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նաեւ նշել է. «Պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը չի փոխվել, այսինքն՝ մեղադրանք նոր օրենսգրքի համաձայն, այն է՝ հսկող դատախազի որոշման հիման վրա, չի առաջադրվել: Փաստացի ստացվում է, որ դատարանը գործը քննելու է նոր օրենսգրքով, սակայն իմ պաշտպանյալը, ըստ նոր օրենսգրքի, չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ այդ նոր օրենսգրքով մեղադրյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ կայացվել է դատախազի որոշում: Այս տարօրինակ վիճակը շտկելու նպատակով միջնորդել եմ դատարանին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլ ամիս: «Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքը թույլ է տալիս դիմել օրենքի պարզաբանման համար այդ օրենքը կիրառող սահմանադրական մարմնին: Համապատասխան դիմում ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին, խնդրելով պարզաբանել, թե արդյոք պարտադիր չէ, որ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր մեղադրյալներին առաջադրվի նոր մեղադրանք, այն է՝ դատախազի կողմից կայացվի որոշում քրեական հետապնդում հարուցելու մասին, որպեսզի դատարանը իրավասու լինի քննել նման անձի վերաբերյալ քրեական գործը: Ի զարմանս ինձ, դատախազությունը պատասխանեց և հստակ դիրքորոշում արտահայտեց, որ իմ կողմից նկարագրած դեպքերում, այսինքն, երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել մինչև 01.07.2022թ,՝ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը, և դրանից հետո նրա մեղսագրված արարքում ծավալի փոփոխություն չի եղել կամ հանցավոր արարքի սանկցիան չի մեղմացվել, ապա դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման անհրաժեշտությունը բացակայում է: Այստեղ ուշադիր՝ սա ՀՀ դատախազության պաշտոնական դիրքորոշումն է, որը պարտադիր է այդ գերատեսչության համար, քանի որ այն հանդիսանում է միասնական համակարգ: Դիրքորոշման հետ ես համաձայն չեմ, բայց հիմա դա արդեն էական չէ: Եվս մեկ կարևոր դրվագ՝ եթե գլխավոր դատախազությունը պաշտոնապես գտնում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չկա, ուրեմն նման որոշումներ չեն կարող կայացվել և վերջ: Ինչ՞ու եմ սրա մասին գրում: Բանը նրանում է, որ իմ մեկ այլ գործով դատախազը գործել է այդ պաշտոնական դիրքորոշմանը ուղիղ հակառակ և 01.07.2022թ. հետո իմ պաշտպանյալի նկատմամբ, ում քննիչը որպես մեղադրյալ էր ներգրավել ապրիլ ամսին, կայացրել է որոշում՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և այդ որոշումը տառացի կրկնում է քննիչի որոշումը՝ նույն ենթադրյալ արարքները ՝ նույն որակումներով: Հիմք ընդունելով դատախազության պաշտոնական դիրքորոշումը, միջնորդություն ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին ՝ արդեն մյուս գործով դատախազի կայացրած որոշումը վերացնելու մասին: Այդ միջնորդության պատասխանը ևս ստացա: Եվ գիտեք ի՞նչ են մոգոնել: Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա, ամբողջությամբ անտեսելով իմ միջնորդության բովանդակությունը, գրել է, որ իմ միջնորդությունը դիտարկում է բողոք և այն չի քննարկում, քանի որ դատախազի խնդրո առարկա որոշումը ես հուլիս ամսին արդեն բողոքարկել եմ և բողոքս մերժվել է: Ճիշտ է, ես այդ որոշումը իրոք բողոքարկել եմ, բայց լրիվ այլ հիմքերով և այն իրոք մերժվել է, իսկ դատարանը հրաժարվել է քննել համապատասխան բողոքը: Բայց այդ ամենը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ըստ գլխավոր դատախազության հսկող դատախազը նկարագրված իրավիճակում չի կարող կայացնել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Իրավիճակից հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը պարզապես խուսափում է պատասխանելուց և սեփական սխալն ընդունելուց: Կգա ժամանակը և այս դեպքը կդառնա առանձին քրեական վարույթ, սակայն դա ապագայում, իսկ հիմա ընդամենը մեկ նկատառում: Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն, օրինակ , «Մայրաքաղաքային» աղցանից: Աղցանի մեջ ըստ ճաշակի կարելի է, օրինակ, ավելացնել աղացած խնձոր կամ չավելացնել, իսկ իրավաբանությունը, մանավանդ դատախազական հսկողությունը, ի տարբերություն աղցանի, ուղիղ կապ ունեն մարդկանց ճակատագրերի հետ և պետք է գործել հստակ և չդավաճանել սեփական դիրքորոշումներին»։

Լրահոս