Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից պահանջել է հեռացնել Ռոնալդուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ակումբի ղեկավարությունից պահանջել է հեռացնել թիմից 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էլ նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբ չգտնեն, հաղորդում է ESPN-ը։ Հոլանդացի մասնագետը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ եւ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի վերաբերյալ։ Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությունում նշել է, որ հարցազրույցում նշած բոլոր փաստերը դիտարկելուց հետո կպատասխանի Ռոնալդուին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ արդեն հունվարին մանչեսթերյան ակումբը կազատվի Ռոնալդուից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։

Լրահոս