Տեղեկությունը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՆԳՆ

Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրներին։ Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։ Հորդորում ենք, չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին», - նշված է հայտարարությունում։

Լրահոս