Վրաստանի տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձել են Մեքսիկայով հատել ԱՄՆ սահմանը, հայտնվել են տեղի կարտելի գերության մեջ

Վրաստանի մինչև 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայի տարածքով հասնել ԱՄՆ սահման, հայտնվել են տեղի կարտելներից մեկի գերության մեջ, հաղորդել են վրացական լրատվամիջոցները: Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, հարազատները պատմել են, որ առևանգողները պահանջում են 90 հազար դոլար՝ պատանդներին ազատ արձակելու համար։ «Մթավարի» հեռուստաալիքը նշել է, որ առևանգվածներից մեկին թույլ են տվել կապվել հարազատների հետ՝ գումար խնդրելու համար։ Նա ասել է, որ իրեն նկուղում են պահում 120 այլ պատանդների հետ։ Ըստ ամենայնի, նրանց թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։ «Ինձ վրա ատրճանակ են պահել, իսկ մյուսը դանակի բռնակով հարվածել է... Նրանք բղավել են ինձ վրա և ծեծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Անհայտ կորածների հարազատները դիմել են Վրաստանի ԱԳՆ օգնությանը։ Նախարարությունից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել Մեքսիկայի ներգաղթի ծառայության հետ։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։ «Փիրվելի»-ի աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլար, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Հիմա իբրև թե շարունակվում է մնացած գումարի շուրջ սակարկությունը։ Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ծանոթ է այդ հարցին, կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են փոխանցել հենց Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։ «Մենք կարող ենք ազատորեն ասել, որ երկու կողմերն էլ գործում են միասին։ Շատ դժվար է ասել, որ ոստիկանությունը կգա այնտեղ ու կազատի այս մարդկանց։ Դա այդպես չէ»,- ասել է «Փիրվելի»-ի անանուն զրուցակիցը։

Լրահոս