Սննդի սղության պատճառով Արցախում փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը. 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Արդեն 164 երեխա է ծնվել շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 17600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից: Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Լրահոս