«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը

«Սիլվայի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց թարգմանիչ Սոնա Հովհաննիսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց բացատրելու ավելի վաղ իր կատարած գրավոր թարգմանությունը, քանի որ այն այնքան էլ հասկանալի չէր։ Թեեւ դատավորը հարցեր չուներ, հարցեր ծագեցին փաստաբան Լուսինե Սահակյանի մոտ։ Թարգմանչին ուղղված հարց ու պատասխանից պարզվեց, որ դատարանը թարգմանության համար թղթային փաստաթղթեր է ուղարկել։ Հովհաննիսյանի խոսքով, որպեսզի ամեն ինչ նորից չտպվի, տեքստը սկզբում թարգմանվել է ձայնագրության ֆորմատից, այնուհետ՝ Word-ի փաստաթղթում։ Ծրագիրը, որը չի հասկացել որոշ բառեր, օրինակ հատուկ անունները, ինչպիսին Սիլվան է, փոփոխություններ է մտցրել։ Փաստաբանի մոտ տարակուսանք առաջացրեց այն, որ ծրագիրը ոչ թե պարզապես չի հասկացել Սիլվա անունը, այլ ավելացրել է «ՍՊԸ»։ Այս տեղեկությունն առաջացրեց թարգմանչի զարմանքը, այնքան, որ նա խնդրեց ծանոթանալ փաստաթղթին։ Փաստաբանը համարեց, որ թարգմանչի բացատրությունը չհստակեցրեց խնդիրը։ «Մենք հիմա ինքներս էլ չենք հասկանում, թե ինչով ենք զբաղված», - հավելեց փաստաբանը։ Աշխատանքը համակարգելու համար՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առաջարկեց վերադառնալ ավելի վաղ հրապարակված սխալ թարգմանված փաստաթղթին (թարգմանությունում անվան փոխարեն թվեր էին գրված) եւ հրապարակել ճիշտ թարգմանվածը եւ այդ ժամանակ արդեն հասկանալ՝ կան արդյոք դրա հետ կապված հարցեր։ Լուսինե Սահակյանը նկատեց, որ պաշտպանական կողմը եւս նույնն առաջարկել է։ Սակայն հարց առաջացավ, թե որը հրապարակել՝ բնօրինակը՞, թե՞ թարգմանությունը։ Դատավորն առաջարկեց հրապարակել բնօրինակը՝ թարգմանությամբ։ Դատախազ Բաղդասարյանն անցավ բանկային, հաշիվների, փոխանցումների հետ կապված նյութերի հրապարակմանը։

Լրահոս