Սելավաջրերը փակել են Հայաստան-Վրաստան երկաթուղին

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը մի քանի օրվա տեղումների հետեւանքով առաջացած սելավաջրերը փակել են երկաթուղային ճանապարհը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Ալավերդի-Ախթալա ուղեմասում։ Երկաթուղին մոտ 100 մետր ծածկված է ցեխով եւ ջրահոսքով։ Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։ Բնական երեւույթի պատճառով խախտվել է գնացքների երթեւեկությունը դեպի Վրաստան ուղղությամբ։ Երեւան-Թբիլիսի ուղեւորատար գնացքը չեղարկվել է, «Հարավկովկասյան երկաթուղիները» օպերատիվ կերպով կազմակերպել է մոտ 100 ուղեւորների՝ գնացքից ավտոմեքենաներ տեղափոխումը։ Ընկերությունը ներողություն է խնդրում ուղեւորներից պատճառված անհարմարությունների համար։ Գիշերվանից մինչ այս պահը «Հարավկովկասյան երկաթուղու», արտակարգ իրավիճակների նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուժերով կատարվում են հետեւանքների վերացման աշխատանքներ, ինչը դժվարանում է չդադարող սելավաջրերի պատճառով։

Լրահոս