Սահմանային խախտումներ, կարկուտից մեծ վնասներ. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 32 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է, դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:  «Բացահայտվել են հերթապահ մասում գրանցված՝ կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 6 դեպքերը: Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 2, անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ արձանագրված 3 դեպքից մեկը և բնակարանային գողության 3 դեպքից 2-ը: Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Շաբաթվա ընթացքում գրանցվել են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված սահմանային խախտումներ: Ապրիլի 28-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, իսկ ապրիլի 29-ին՝ Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին քամու ուղեկցությամբ ուժեղ կարկուտ է տեղացել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Բնական աղետը նյութական մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին: Կարկուտի հասցրած վնասների չափը ճշտվում է: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 10 նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 10 վարորդ, 14-ը եղել է անսթափ վիճակում, 43 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս