Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն առերես բանակցություններ կվարեն. «Ведомости»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել Ռուսաստանում եւ եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին ասել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ աշխատանքն սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճերը։ «Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայր դիտարկվում են Մոսկվան եւ Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- նշել է աղբյուրը։ Ավելի վաղ Փաշինյանի եւ Ալիեւի երկու հանդիպումներ՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի են ունեցել Պրահայի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովում հոկտեմբերի 6-7-ին։ Մակրոնի մասնակցությամբ գագաթաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել էր հայտարարության ընդունմամբ։

Լրահոս