Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու հարցում առաջընթացի բացակայությամբ և շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայությամբ, նշված է Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։ «Ռուսական կողմը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Ընդգծում ենք, որ հենց ռուս խաղաղապահներն առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման հարցում, ինչը նշվել է նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ։ Ռուս խաղաղապահներին ուղղված ցանկացած հրապարակային թիրախավոում կամ նրանց նկատմամբ ցանկացած սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություն, ինչը շոշափելի վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։ Բաքվին և Երևանին կոչ ենք անում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության բոլոր դրույթները։ Գտնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։ Կողմնակից ենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շարքի համակողմանի իրականացմանը՝ բարձր մակարդակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։

Լրահոս