Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով

Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը  բոլոր որոշումների իրականացման բանալին է՝ ի շահ  տնտեսական, ռազմաքաղաքական, միջազգային, իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման: Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, ամեն կերպ աջակցություն ցուցաբերել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նախարարը։ Նշելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները, Լավրորվը հայտնել է, որ վերջերս իր գործընկերոջ հետ հանդիպել է Դելիում։ «Խոսեցինք ընթացքում, բայց բավականին կոնկրետ եւ  պայմանավորվեցինք շարունակել զրույցը հաջորդ լայնամասշտաբ հանդիպմանը»,- ասել է Լավրովը։ Նախարարը հայտարարել է երկրների ղեկավարների միջեւ շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսության մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում։ Մայիսին Մոսկվայում տեղի կունենա Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է։ Անցած տարին Հայաստանի տնտեսության մեջ ռեկորդային էր։ Առեւտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 5 միլիարդ դոլարի: «Առայժմ դոլարով, բայց դա ժամանակավոր է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, «այդ ամենն օգնել է ձեր երկրին ՀՆԱ-ի ռեկորդային աճ ապահովել։ Գործարար ակտիվության աճ։ Մեր ընկերությունները առաջատար են նաեւ ՀՀ բյուջեին հատկացրած պահումներով՝ աշխատատեղերի ստեղծման հետ կապված։ Փոխվարչապետների մակարդակով միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է»,- թվարկել է Լավրովը։ Եվ իհարկե, հավելել է նախարարը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է միասնական գիտակրթական, լեզվական տարածքի ամրապնդմամբ եւ պատրաստ է համատեղ աշխատել՝ տարածաշրջանների միջեւ մարդասիրական կապեր ստեղծելու եւ խթանելու համար։ Կարեւոր թեմաներից է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում համագործակցությունը, բազմակողմ հարթակներում։

Լրահոս