Ռեկտորները գիտեին երեւանյան երեք բուհերի միավորման պլանների մասին. Վահրամ Դումանյան

Այո, քննարկվում է Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական եւ սոցիալական գիտությունների պետական համալսարանի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի եւ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի միավորման մասին որոշումը, որոշում կընդունվի, եւ մենք առաջ կգնանք։ Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա զարմացել է, որ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասել է, թե այս որոշումն իր համար անսպասելի էր։ Նախարարը նշել է, որ այս առիթով օգոստոսի 9-ին անձամբ հանդիպել է երեք բուհերի ռեկտորների հետ, մինչ այդ էլ են հանդիպումներ եղել, բայց առանց իր մասնակցության։ Նրա խոսքով՝ հայտարարվել է, որ կա նման գաղափար, եւ այն նոր չէ, քննարկվել է տարիներ շարունակ։ «Ես այն ժամանակ տեղեկացրել էի, որ այդ գաղափարը կարող է մտնել գործնական իրականացման փուլ։ Տվյալ բուհի (Բրյուսովի անվան համալսարանի – խմբ.) ռեկտորն ասել էր, որ իր լիազորությունների ժամկետն ավարտվում է, եւ հոկտեմբերին պետք է մրցույթ հայտարարվի։ Բայց որքանո՞վ է նպատակահարմար մրցույթ անցկացնել, եթե մենք պատրաստվում ենք սկսել միավորման գործընթացը»,- նշել է Դումանյանը։ Նա հավաստիացրել է, որ ոչ մի գաղտնի գործընթաց չի եղել եւ չի լինելու, նախարարության միակ նպատակը կրթության որակը երկրում բարձրացնելն է՝ չպարզաբանելով, թե ինչպես է դրան նպաստելու մարզիկների եւ լեզվաբանների միավորումը։ Նրա խոսքով՝ ֆորմալ կարգը չի նախատեսում տեղեկացնել նման որոշման մասին։ «Բայց մենք դրանով չենք առաջնորդվում։ Մենք պատրաստ ենք հանդիպել յուրաքանչյուր ռեկտորի հետ, նման խնդիրներ երբեք չեն եղել, ոչ մի ենթատեքստ չկա եւ չի լինելու, եթե որոշ մարդիկ չփորձեն մտցնել դրանք։ Երեք բուհերի միավորումը կօգնի ավելի արդյունավետ հաղթահարել ճգնաժամը, որը նկատվում է կրթության համակարգում, հակառակ դեպքում կրթության մակարդակի անկումը կշարունակվի։ Որեւէ մեկի կյանքում ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենա, ոչինչ չի փակվի, թափուր տեղերը չեն կրճատվի, միայն ռեկտորների տեղը երկուսով պակաս կլինի։ Բոլոր երեք շենքերը կպահպանվեն, բոլորը կմնան իրենց տեղերում, բուհերի տրամադրության տակ»,- ընդգծել է նախարարը։ Խոսքը, ըստ նրա, մեկ կամ երկու պաշտոնի կրճատման մասին է՝ բացատրելով, սակայն, որ ակադեմիական քաղաքի ստեղծումից հետո կարող են նաեւ այլ փոփոխություններ կատարվել։ Դումանյանը վստահություն է հայտնել, որ մի ռեկտորը կկարողանա կառավարել միավորված բուհը։ Երեք բուհերի միավորումը նա բացատրել է այն տրամաբանությամբ, որ նրանք բոլորը զբաղվում են ուսուցիչների եւ դասավանդողների պատրաստմամբ, իսկ բողոքներն անվանել է բնական գործընթաց։ Պաշտոնյան անբնական է համարել այն, որ շատ բուհեր կոչվում են համալսարաններ՝ նշելով դրանց անվանումները վերանայելու անհրաժեշտության մասին։ «Միավորված բուհի համար առաջարկվել է Կրթական գիտությունների ինստիտուտ անվանումը, բայց կան նաեւ այլ տարբերակներ։ Վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- ասել է Վահրամ Դումանյանը։

Լրահոս