ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

​ Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական ​​խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»: «Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», - ասել է Գալուզինը։ ​

Լրահոս