ՌԴ–ն խոստացել էր՝ Սոչիի հայտարարությունում կնշվի իր փաթեթը, բայց դա տեղի չունեցավ. Գրիգորյան. Factor TV

Երբ արդեն հայտնի էր Սոչիի հանդիպման օրը եւ ձեւավորվում էր փաթեթը, Երեւանը փորձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման այսպես ասած՝ ռուսական մոտեցումներին աջակցություն ցույց տալ, մենք նաեւ փորձ ենք արել, որ հայտարարության մեջ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին խոսք կար, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Այս մասին Factor TV-ի   հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ի դեպ, մենք նաեւ խաղաղապահների տեղակայման մասով ուզում էին հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ եւ փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։ Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետը՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ եւ փորձել լուծումներ գտնել»,–  ասել է ԱԽ քարտուղարը։ Դիտարկմանը, թե ԼՂ-ի կարգավիճակի հարցով ՌԴ-ն խոսք տվե՞լ է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա, Արմեն Գրիգորյանն ասել է, որ բանակցությունները ոչ թե խոստումների մասին են, այլ մոտեցումների քննարկում են։ «Հայաստանը  ներկայացրել է իր մոտեցումները եւ ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար եւ ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ Այստեղ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարեւոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան»,– ընդգծել է Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն ասել է, որ առաջիկայում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանին փոխանցված  5 կետերի վերաբերյալ։ «Ադրբեջանն իր այդ կետերի հիման վրա ներկայացրել է ավելի բացված տարբերակ, եւ մենք դրան պատասխանել ենք, շուտով կքննարկենք այդ տարբերակը»,– ասել է նա։ Հարցին, թե Ադրբեջանը պայման դրե՞լ է, որ Հայաստանը համաձայնվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելուն, Ախ քարտուղարն ասել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։ «Կարող ենք կարդալ եւ ենթադրել, որ այդտեղ Ղարաբաղի մասին ինչ–որ խոսք կա, որոշ տողերի տակ, բայց հստակ չէ, դրա համար էլ Հայաստանը բանակցություններում  փորձելու է հստակեցնել այդ հարցը»,– ասել է  Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը մասնագիտական աշխատանք է տարվել, որպեսզի այն դառնա խաղաղության պայմանագրի շրջանակին մոտ։ «Մեզ փոխանցված տարբերակի վրա շատ մեծ ծավալի աշխատանքն կար տարվելու, ինչը մենք կատարել ենք, այս պահին պատրաստ ենք խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակել»,– նշել է նա։ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի  պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար։ «Կշարունակենք աշխատել, տեսնենք՝ ՀԱՊԿ–ը ինչ կարող է անել»,– ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու։ «Մենք գիտեինք, որ վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել եւ փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։ Բայց ինչպես մենք հայտարարել ենք՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ գործարք կարմիր գիծ է մեզ համար եւ մենք այդպիսի քայլի չենք գնալու, ինչքան էլ փորձեն մեր հանդեպ ճնշումներ գործադրել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,– ասել է Գրիգորյանը եւ հավելել, որ իրեն կբավարարեր ՌԴ-ի պատասխանը, եթե ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքում չլինեին։

Լրահոս