ՌԴ ԱԳՆ-ն աննախադեպ է անվանել ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումը

Դեկտեմբերի 1-2-ը Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին Լավրովի մասնակցությունը մերժելու Լեհաստանի որոշումն աննախադեպ եւ սադրիչ է, նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ը։ «Դա անհամատեղելի է մի կազմակերպության նախագահի կարգավիճակի հետ, որին որպես ինքնիշխան եւ անկախ պետություններ մասնակցում են 57 երկրներ՝ լիակատար հավասարության պայմաններում։ Խախտվել են ԵԱՀԿ-ի կանոնակարգերը եւ նրա դիրեկտիվ մարմինների որոշումները, մասնավորապես՝ Պորտուում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշումը (2002 թ.) գործող նախագահության աշխատանքի սկզբունքների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ նոյեմբերի 18-ին նման գործողությունների անթույլատրելիության մասին հարցում է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին։ «Համոզված ենք, որ բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները կիսում են ռուսական կողմի դիրքորոշումը նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ եւ դրանց սկզբունքային գնահատական կտան»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ը։ ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։ Նախօրեին՝ նոյեմբերի 18-ին, մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լուկաշ Յասինին, հայտնել էին, որ Վարշավան թույլ չի տա ռուսական պատվիրակությանը մասնակցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին։

Լրահոս