ՊՆ նախկին շենքի բնակիչներից 12 ընտանիք է կացարանով ապահովվել, մյուսները 4–րդ գիշերն է՝ լուսացրել են դրսում

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնք փետրվարի 16–ին, շենք ապօրինի ներխուժելու պատճառաբանությամբ ոստիկանության կողմից վտարվել էին, շարունակում են մնալ շենքի տարածքում։ «Չորրորդ գիշերն է՝ բնակիչներից շատերը գիշերում են դրսում, պալատկա ենք խփել, արդեն երկրորդն ենք ուզում խփել, փեջ ենք վառում, որ տաքանանք։ Մենք տեղ չունենք գնալու, բա ի՞նչ անենք, դրա համար էլ էստեղ ենք մնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Անգելինա Էվանյանը: Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։ Բնակիչներն էլ չեն ցանկանում շենքի տարածքը լքել, որովհետեւ իրենց խոսքով՝ տեղ չունեն գնալու։ Շենքից վտարված մարդիկ պատմում են, որ 2020 թվականի պատերազմից հետո են այստեղ բնակություն հաստատել։ Այդ մարդիկ պնդում են՝ իրենց մեջ ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, անապահով մարդիկ կան, որոնք տուն չունեն, վարձով էլ չեն կարողանում ապրել, լսել են, որ այս շենքերում ազատ սենյակներ կան, եկել են, իրենց ուժերով նորոգել են, ապրելու համար մինիմալ պայմաններ ստեղծել։ Քաղաքացիներն այդ շենքում հայտնվել են Լեռնիկ Պետոյանի օգնությամբ։ Նրա մասին շատ տեղեկություններ չեն հայտնում, ասում են՝ ազատամարտիկների ու անօթեւանների մասին մտածող մարդ է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ «Նախարարությունն այս պահին քննարկում է նաեւ իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաեւ, որ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն եւս։ Հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,– ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչեւ օրս 12 ընտանիքի կացարանով ապահովել։ «Այդ շենքում ապրեն են ընտանիքներ, որոնք ունեցել են կեցության այլ վայր, որտեղ կարող էին տեղափոխվել, իսկ ովքեր չեն ունեցել կեցության այլ վայր, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների միջնորդությամբ տեղափոխվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրամադրված հանրակացարանային սենյակներ։ Այս օրերի ընթացքում 12 ընտանիք է տեղափոխվել հանրակացարան»,– հայտնեց նախարարության մամուլի քարտուղարը։

Լրահոս