Պիկեն հայտարարել է Բարսելոնայից հեռանալու և կարիերան ավարտելու մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ հեռանում է ակումբից և ավարտում է ֆուտբոլային կարիերան։ 35-ամյա իսպանացին իր սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել: «Դուք` երկրպագուներ, տվել եք ինձ ամեն ինչ: Հիմա, երբ իմ մանկության բոլոր երազանքներն իրականացան, ուզում եմ ասել, որ որոշում եմ կայացրել։ Ժամանակն է ավարտել ճանապարհորդությունը: Ես միշտ ասել եմ, որ ինձ համար «Բարսելոնայից» բացի այլ թիմեր չկան։ Այդպես էլ կլինի։ Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»։ Ես կդառնամ սովորական երկրպագու, կաջակցեմ թիմին։ «Բարսելոնայի» հանդեպ սերս կփոխանցեմ երեխաներիս, ինչպես ընտանիքս է փոխանցել ինձ։ Եվ դուք ինձ ճանաչում եք, վաղ թե ուշ ես կվերադառնամ: Կհանդիպենք «Կամպ Նոուում»»։ Պիկեն Բարսելոնայի սան է։ 2004 թվականին նա լքել է ակումբի ակադեմիան և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ խաղացել է մինչև 2008 թվականը (բացառությամբ 2006/07 մրցաշրջանի, երբ նա վարձավճարով հանդես է եկել «Սարագոսայում»։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պիկեն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, երկրի Սուպերգավաթը և Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2008 թվականին Պիկեն վերադարձել է «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբում անցկացրել է 14 տարի։ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ Իսպանիայի գավաթը, 6 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 3 անգամ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։ Իսպանիայի հավաքականի կազմում Պիկեն դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Ֆուտբոլիստի կարիերայի վերջին հանդիպումը Պիկեն «Բարսելոնայի» կազմում կանցկացնի «Ալմերիայի» դեմ՝ նոյեմբերի 5-ին։

Լրահոս