Պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  ստիպված են մնալ Հայաստանում: Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել  է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Որպես հայր՝ հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան», -նշել է Ռուբեն Վարդանյանը: Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ  երեխաները՝ Արցախում: Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա  լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նրանք միաժամանակ նկատել են, որ  թեև  շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին: Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:

Լրահոս