Պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի. Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակից՝ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։ «Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է. միասնականություն մեր երկրում, միասնականություն և համերաշխություն Արցախին, սփյուռքին։ Այս հանրահավաքը դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբն ազդարարող հանրահավաք», - հայտարարեց Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սուտ է այս իշխանությունների խոստացած խաղաղությունը. «Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր ու ավերածություններ։ Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու, ոչնչացնելու ծրագիր։ Այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից մինչև Մոսկվա, Բեյրութից մինչև Լոս Անջելես, Աթենքից մինչև Փարիզ, Սյունիքից մինչև Դամասկոս և Բեյրութ»։ Սաղաթելյանն ասաց, թե ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է. «Կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով։ Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչև այդ պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի»։

Լրահոս