Պետությունը կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերը 50 տոկոսով. Դա չի վերաբերում Արմավիրի եւ Արարատի մարզերին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022-ի բյուջեի մասին օրենքում, որը վերաբերում է Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով ֆինանսական միջոցներ տրամադրելուն: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է պարենի պակասի և գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է ռուսական շուկային: ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը 2021-ին կազմել է՝ արտահանում՝ 28% և ներմուծում՝ 37.2%, Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը։ Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,2 մլրդ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2 մլրդ 497 մլն 750 հազար դրամ։ Նախագծի ընդունման արդյունքում աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես, սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ կավելանան 27,500 հա-ով աշնանացան ցորենի ցանքատարածությունները, ինչպես նաև տեղական արտադրության ցորենի ծավալները և տնտեսավարող սուբյեկտների եկամուտները, կապահովվի ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը։

Լրահոս