Պատերազմից հետո հայատյացությունն Ադրեջանում ոչ միայն չդադարեց, այլեւ ձեռք բերեց ավելի վտանգավոր ձեւ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամի ծավալուն աշխատանքը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Հայատյացությունն Ադրբեջանում» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։ Ուսումնասիրությունն ընդգրկում է 2022թ. օգոստոս – 2023թ. փետրվար ժամանակահատվածը։ Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները: «2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմի ավարտից հետո խնդիրը ոչ միայն չկորցրեց իր արդիականությունը, այլև նոր դրսևորումներ ստացավ և վերածվեց հայերի համար առավել վտանգավոր երևույթի։ Եթե ​​մինչ պատերազմի սկիզբը հայատյացությունն Ադրբեջանում ինստիտուցիոնալ բնույթ ուներ և պաշտոնական քարոզչության անբաժանելի մասն էր, հիմնականում դրսևորվում էր հռետորաբանությամբ և «ատելության խոսքի» տարածմամբ, ապա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում այս երևույթը սկսեց դրսևորվել նաև գործողություններով։ Ինստիտուցիոնալ առումով հայատյացությունը Ադրբեջանում ունի հստակ հիերարխիկ բնույթ՝ պաշտոնական մակարդակից մինչև հանրային զանգված: Հասարակության մեջ հայատյացության սերմանման մեխանիզմը բազմափուլ է. Այս հիերարխիայում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված թեզերն ունեն հստակ հաջորդականություն՝ թեզը բարձրաձայնում է պաշտոնյայի կողմից, այնուհետև այն փոխանցվում է փորձագետների, մշակույթի գործիչների, կրոնական գործիչների, լրատվամիջոցների վերլուծաբանների միջոցով՝ ստեղծելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, որն ազդում է հասարակական կարծիքի և ընկալման վրա: Հասարակական կարծիքի վերահսկելիությունը և հուզական ընկալումը Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն է տալիս ուղղորդել ագրեսիան իրենց անհրաժեշտ հակահայկական տրամադրությունների վեկտորում։ Ադրբեջանի իշխանությունները, այսպիսով, լուծում են երկու հիմնական խնդիր՝ 1) ձևավորել և պահպանել թշնամու կերպարը ի դեմս հայերի, 2) ձևավորել արտաքին վտանգից միակ պաշտպանի կերպար՝ ի դեմս իրենց։ Հայի կերպարի դեմոնիզացիան իրականացվել է փուլերով՝ առաջին Ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչև 44-օրյա պատերազմը։ Հետպատերազմյան շրջանում հայերի ընկալումը սարսափելի ու անգութ թշնամուց սկսեց փոխվել պարտվածի։ Սակայն հայատյացությունը, որպես երեւույթ, ոչ միայն չդադարեց գոյություն ունենալ, այլեւ ձեռք բերեց ավելի վտանգավոր ձեւ՝ հիմնված հաղթողի անպատժելիության զգացման վրա»

Լրահոս