Չորորդ օրն է՝ Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը Երեւանում՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ։ Չորորդ օրն է՝ Բեգլարյանը ՄԱԿ-ի մարմիններից պահանջում է դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով։ Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան) եւ Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները եւ գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ»,– նստացույցը սկսելիս՝ հայտարարել էր Արտակ Բեգլարյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15–ին, Արցախի եւ Հայաստանի ներկա ու նախկին օմբուդսմենները ցույցեր էին արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների դեսպանատների եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի առջեւ՝ ի պաշտպանություն Արցախի։ Նրանք պահանջում էին ստիպել Ադրբեջանին բացել Արցախի կյանքի ճանապարհը, դատապարտել Բաքվի գործողությունները եւ պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանների, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը: Նա նշել էր, որ օրվա մեջ կարող է ճանապարհը բացվի, սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց էլ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ռուբեն Վարդանյանը նախօրեին Ստեփանակերտում այսօրվա համար հանրահավաք էր հրավիրել, սակայն ավելի ուշ հայտնեց, որ հանրահավաքը տեղի չի ունենալու, փոխարենը իրենք կայցելեն տարբեր համայնքներ։ «Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում: Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա: Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասել էր նա։

Լրահոս