Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա պատվիրակության մեջ գնալ գործուղման. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը, իրականում, մի մեծ Արագածավան է։ Մասշտաբների տարբերություն է, և ոչ՝ բովանդակության։ Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է՝ «Սպասվող զարգացումների մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «Գյուղի Սուրոն մի գյուղում մի տղայի հանդեպ իրեն պահում է անասունի պես։ Մասշտաբային այլ «Սուրոներ»՝ երկրի մակարդակով 5000, 10 000 տղերքի հանդեպ նույնը չե՞ն արել. պատերազմ հրահրելով, պատերազմը շուտ չկանգնեցնելով։ Մեր կյանքի ամեն քայլին մի ՔՊ-ական «Սուրո» է՝ անգրագետ, անպիտան, մատնիչ ու անհայրենիք։ Արդեն ունեն գալստուկ, ստանում են պրեմիա, անգիր արած 4-5 նախադասություն՝ տանք պրծնենք, Նիկոլը ի՞նչ անի, Ղարաբաղը միշտ էլ մերը չի եղել, նորմալ առևտուր կանենք թուրքերի հետ և այլն։ Շատ հստակ ձևավորվել է «Սուրոների կաստան», որը վատ դերձակի նման մկրատն առած ձևում է մեր հայրենիքը, ու կտոր-կտոր դեն շպրտում։ Կա ենթասուրոների մեծ զանգված, որը հորինած ինքնաարդարացմամբ սպասարկում է «Սուրոների կաստային»՝ հիմնականում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողների մեջ։ Սրանք սուրոներին ուժ են տալիս, թույլ են տալիս մարդ զգալ։ Եվ «սուրոները», շրջապատված ոստիկան, քննիչ, դատախազ, դատավոր շքախմբով, իրենց զգում են անվտանգ ու հարատև։ Բայց Արագածավանի ժողովուրդը ցույց տվեց այն ընթացքը, որը սպասում է Հայաստանին։ Իսկ հրապարակայնորեն խոսող արագածավանցիները ցույց տվեցին, թե ինչպիսի պիտի լինի Հայաստանում սպասվող փոփոխությունների առաջնորդությունը՝ պարզ, շիտակ, տրամաբանված, մարդկային դեմքով, մարդկային ցավով։ Այս արագածավանցի լիդերները շատ ավելի արժեքավոր են, քան՝ երևաններում, դուբայներում, լոսերում, միկոնոսներում, վիեննաներում և այլուր իրենց գույքերին գերի լիդերները։ Չի կարելի քաղաքացու վրա թքող «սուրոյին» հետո դիմել պարոնով ու նրա ղեկավարած պատվիրակության մեջ գնալ գործուղման։ Ու ժամանակն է նաև, որ ենթասուրոները անհատական որոշումներ կայացնեն՝ «լիարժեք սուրո՞» են, թե՞ մարդ։ Կարևոր է նաև, որ բուն «սուրոների կաստայում» ճիշտ հասկանան պրոցեսները։ Լինեն մարդիկ, ովքեր գոնե իրենց անձնական շահերից ելնելով կհասկանան, որ ընթացքը տանում է պայթյունի։ Հայաստանում անկասկած լինելու են լուրջ փոփոխություններ, ու կարևոր է թե´ ժամանակը, թե´ սահունությունը, խաղաղ ընթացքը։ Այս մի պրոցեսը նախորդ բոլորից պետք է տարբերվի. այն պետք է լինի վստահության վրա հիմնված, իրար աչքերի մեջ նայելով, այն պետք է լինի նոր մարդկանցով, նոր գաղափարներով, նոր անկեղծ խոսքով, նոր շարժումներով ու իրար լսելու, իրար հարգելու նոր մշակույթով։

Լրահոս