Չեմ ուզում պատկերացնել, որ դիտավորյալ են որդուս բանակ ճանապարհելու օրը նշանակել դատական նիստը. Գարիկ Գալեյան

Ես իմ որդու տնից եմ գալիս՝ «Եռաբլուրից», եկել եմ զոհվածների ծնողական համայնքի խաթեր, անկեղծ եմ ասում՝ մինչեւ այսօր չեմ հետաքրքրվել ու անուն-ազգանունով չգիտեմ, թե իմ գործով դատավորն ով է: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, վարչական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։ «Ինձ այդ գործը չի հետաքրքրում: 2019 թվականի այս օրը՝ հունվարի 17-ին ես իմ տղային առողջ ճանապարհել եմ բանակ, ու մինչեւ հիմա տուն չի վերադարձել: Սպասում ենք, քանի որ չենք տեսել, փակ են բերել, դրոշն է եկել տուն: Չեմ ուզում պատկերացնել, որ դիտավորյալ են այս օրը նշանակել նիստը: Ամեն ինչ պարզ կլինի դատարանի որոշումից»,-ասաց Գալեյանը: Նշենք, որ այս պահին վարչական դատարանի մոտ են հավաքվել զոհված զինծառայողների ծնողները՝ ի պաշտպանություն Գարիկ Գալեյանի: Դատական նիստից հետո զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիտավորյալ փոքր սենյակ էին ընտրել՝ շատ լավ իմանալով, որ Գարիկ Գալեյանը մենակ չի գալու. «Մենք հաջորդ նիստին էլ գալու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ արդարության կողմը գնա: «Եռաբլուրը» մեր տունն է, եւ ոչ ոք իրավունք չունի մեզ բիրտ ուժով, քաքշելով դուրս հրավիրի, մանավանդ, որ ոստիկանների կողմից հրահանգ չի եղել, որին մենք չենթարկվենք»,-ասաց նա: Գալեյանի փաստաբան Ներսես Հարությունյանն էլ նշեց, որ սա նախնական նիստն էր, որի ժամանակ պետք է ճշտվի հայցի առարկան, հիմքը. «Ոստիկանական կողմը չէր ներկայացել ատին, դատարանն առաջարկեց համարենք նախապատրաստված, մենք չառարկեցինք, որից հետո անցավ դատաքննության փուլ»,-ասաց նա: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 11-ին:

Լրահոս