Չեմ ուզում խոսել ՀՀ-ի մասին, մենք առանձին երկիր ենք և Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում․ Ռուբեն Վարդանյան

Այսօր Եվրախորհրդարանը հաստատեց նախագահ Ալիևին ուղղված կոշտ ուղերձով բանաձև, որով պահանջում է ապաշրջափակել ճանապարհը. Ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան, Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ը զարմանալիորեն միակարծիք են այս հարցի վերաբերյալ, ինչն իսկապես շատ առանձնահատուկ է, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսին են այսօր եվրոպական խոշոր երկրների և Ռուսաստանի հարաբերությունները: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Հարցին, թե եթեանգամ շրջափակումը վերացվի, ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի համայնքը երկարաժամկետ կենսունակ լինել՝ հաշվի առնելով, որ անգամ Հայաստանի կառավարությունը այլևս Լեռնային Ղարաբաղը անկախ պետության կամ Հայաստանի մաս դարձնելու հավակնություն չեն ներկայացնում, ասում են՝ սա պարզապես իրավունքների հարց է, Վարդանյաննը պատասխանեց. «Արցախցիները դեռևս խորհրդային շրջանում՝ 1988-ին, ասացին, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար և արել են բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը: Եվ այսօր մենք շատ պարզ հարց ենք ուղղում աշխարհին՝ ասելով. մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք մի պետությունում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի գոյության 104 տարուց 44 տարին մեկ ընտանիք է ղեկավարում երկիրը (նախ՝ Խորհրդային Միության կազմում, իսկ հետո՝ որպես անկախ հանրապետություն), որտեղ ադրբեջանցին որևէ իրավունք չունի, հայերի մասին՝ չեմ էլ խոսում։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային փոքրամասնության համար, ինչպես նրանք են վերաբերվում մեզ, ցանկացած իրավունք ստանալու, ցանկացած պաշտպանություն ստանալու հնարավորությունը: Մեզ համար սա ուզել-չուզելու հարց չէ. մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում: Ի դեպ, այս շրջափակման մեջ վերջին օրինակը շատ ակնհայտ էր։ Երեխաները, որոնք բաժանված էին իրենց ընտանիքներից և արգելափակված մնացել էին Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ, վեց շաբաթ անց ռուս խաղաղապահների միջոցով փորձեցին վերադառնալ Արցախ, և նրանց ադրբեջանցիները կանգնեցրին, ստուգեցին, հոգեբանական ճնշման ենթարկեցին։ Այլատյացությունն այնքան բարձր է»: Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախը պատրաստ է բանակցել Բաքվի հետ, եթե ադրբեջանական կողմը հասկանա, որ բանակցությունը երկու կողմի համար է. «Որովհետև այն, ինչ մենք ասել ենք անկախություն պահանջելու առաջին օրվանից, հասկանում ենք և ընդունում ենք, որ կողք կողքի ենք ապրելու, բայց մենք կլինենք առանձին տարածք, առանձին պետություն, կլինեն առանձին կարգեր և օրենքներ, քանի որ մենք ժողովրդավարական երկիր ենք, այստեղ ընտրվել է 4 նախագահ, մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, բայց պետք է ապրենք նույն տարածաշրջանում, մենք պետք է ճանապարհ գտնենք՝ չնայած բոլոր դժվարություններին, գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»: Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունն ասում է, թե ԼՂ հարցը իրավունքների հարց է, որ դա այլևս տարածքի կամ ինքնիշխանության հարց չէ, Արցախի պետնախարարն ասաց. «Նախ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ղեկավարն ասել է, թե ինչպիսի որոշում էլ Արցախի ղեկավարները կայացնեն, նրանք կհետևեն մեր ընտրությանը։ Մենք արդեն հստակ ազդակներ ենք ստացել Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, նրանք նույնպես այս հարցը փակված չեն համարում։ Չնայած Ադրբեջանի ողջ հռետորաբանությանը, միջազգային հանրության, ՄԱԿ-ի քննարկումների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շնորհիվ պարզ դարձավ, որ ամեն ինչ ավարտված չէ, քանի որ մենք ինքնորոշման իրավունք ունենք, քանի որ էթնիկ զտումներն արգելված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Չնայած Ադրբեջանի բոլոր շահարկումներին, պատմությունն ավարտված չէ։ Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, մենք ունենք սեփական հայրենիքում ապրելու մեր իրավունքը, Արցախում ապրող մարդկանց մեծ մասը հասկանում է այն դժվարությունները, որոնց բախվում ենք և պատրաստ է մնալու, պաշտպանելու սեփական տունը»: Հարցին, թե Պուտինի ներխուժումը ՈՒկրաինա դատապարտելի համարո՞ւմ է, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Տեսեք, ես հիմա մի փոքր հանրապետության պետնախարար եմ, որտեղ 120 000 մարդ տուժում է ադրբեջանական պետության աննախադեպ գործողությունների հետևանքով, և ես պատասխանատու եմ պաշտպանել երեխաներին, ովքեր ապրում են այստեղ, և իմ ազգին, և կանեմ ամեն բան նրանց պաշտպանության համար: Դրա համար այս հարցին կպատասխանեմ այսպես՝ անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Արցախը պաշտպանելու համար։ Ես ձեզ պատասխանում եմ՝ ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի»: Դիտարկմանը, որ Հայաստանում շատերը անհանգստացած են Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքներից, նա ընդգծեց. «Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է»: Ինչ վերաբերում է պնդմանը, որ Ղարաբաղի միակ երաշխավորը, գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է, Վարդանյանն առարկեց. «Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով»: Նա նաեւ հավելեց. «Ես եկել եմ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և ասել, որ չեմ տարբերվում որևէ մեկից։ Ես ոչինչ չեմ ձևացրել՝ այս պաշտոնը ստանալու համար: Նախագահն է ինձ առաջարկել, բայց ես ուրախ եմ մնալ այստեղ առանց որևէ պաշտոնի, և մնալու եմ: Ինձ չի հետաքրքրում` ես կլինեմ պետական նախարար թե ոչ, ես այստեղ եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն, ոչ թե նրա համար, որ ես հարուստ եմ, այլ որովհետև ուզում ենք, որ Արցախից դուրս մարդիկ գիտակցեն, որ Արցախը ողջ հայ ժողովրդի ինքնության բանալին է, հայ ազգի ԴՆԹ-ի հազարամյա պահապանը: Ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛»:

Լրահոս