Ոչ պետական բուհերը կգործեն մրցակցային հավասար պայմաններում. Կարեն Թռչունյան

Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, ընդգծել է, որ զարգացած հասարակության ձևավորումը սկսվում է կրթությունից. «Բարձրագույն կրթության ոլորտում մեր թիրախները շատ հավակնոտ են: Այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաստատման փուլում է գտնվում «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի ընդունումից հետո հաստատվելու է գործողությունների պլանը, որը, բնականաբար, ընդունվելու է մասնակցային քննարկումների արդյունքում: Այդ հեռանկարային փաստաթղթերում շեշտված է նաև ոչ պետական բուհերի զարգացումը։ Մենք ուզում ենք, որ լինեն խոշորացված մասնավոր բուհեր, որոնք կգործեն մրցակցային հավասար պայմաններում և կառաջնորդվեն զարգացման նույն չափանիշներով»,- ասել է փոխնախարարը։ Նա ողջունելի է համարել, որ Եվրասիա միջազգային համալսարանն իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են դրական օրինակ համարվել բազմաթիվ այլ ոչ պետական բուհերի համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի բացումը համագործակցության առումով նշանակալի քայլ է. «Ամբիոնի ստեղծումը միավորում է մի քանի նպատակներ. մենք ցանկանում ենք ունենալ սերտ համագործակցություն, որպեսզի կարողանանք ապահովել առաջընթաց արդարադատության ոլորտի բարեփոխումներում և միասին կարողանանք զարգացնել այս ոլորտները»: Եվրասիա միջազգային համալսարանի նորաբաց ամբիոնի ղեկավար Աննա Խվորոստիանկինան նշել է, որ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի կողմից դասավանդվող դասընթացները կինտեգրվեն Եվրասիա միջազգային համալսարանում գործող ուսումնական ծրագրերին, մասնավորապես՝ «Իրավունք և կայուն զարգացում» մագիստրոսական ծրագրին: Նշված կրթական ծրագրերում չընդգրկված մասնակիցներին կտրվեն վկայագրեր, եթե նրանք անցնեն առաջարկվող դասընթացները: Ամբիոնի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ երեք տարի տևողությամբ դասընթացները մեկնարկելու են հաջորդ կիսամյակից: «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի առաջնային խնդիրն է ծառայել որպես ԵՄ իրավունքի վերաբերյալ գիտելիքների ապահովման հարթակ՝ ԵՄ սահմաններից դուրս: Ամբիոնը նպատակ ունի իրականացնել եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաև ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը և համախմբել տեղական ակադեմիական համայնքի ներուժը:

Լրահոս