Ոչ թե դիվերսիֆիկացիա, այլ հարաբերությունների սրում. ի՞նչ են ուզում ՀՀ իշխանությունները

Ռուս-հայկական հարաբերություններում այսօր տեղի ունեցող գործընթացները ամենևին էլ այն չէ, ինչ կոչվում է դիվերսիֆիկացիա։ Երբ փորձում ես զարգացման լրացուցիչ ուղիներ փնտրել, չես քանդում զարգացման հիմնական վեկտորը, ինչպես հիմա անում են Հայաստանի իշխանությունները։ Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միտումնավոր քաղաքականություն է տարվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը։ «Հետաքրքիր է, որ Հայաստանի իշխանությունները քաղաքականապես շարժվում են դեպի Արևմուտք, բայց ցանկանում են տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ նրանք հիանալի հասկանում են, որ Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի ռուսական շուկային։ Եվրոպական շուկաները լոգիստիկայի և ներքին այլ հատկանիշների պատճառով չեն կարող այլընտրանք դառնալ, եվրոպական շուկաներում հայկական ապրանքները մրցունակ չեն այլ երկրների ապրանքների հետ, որոնք այնտեղ ընդհանուր սահման ունեն»,- նշեց նա։ Ղուկասյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը շատ հպարտ է 2023 թվականի երկնիշ տնտեսական աճով, սակայն այս աճը (մոտ 9%) ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության ուղիղ արդյունքն է. «Միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 7 միլիարդ դոլար (աճը՝ 42,7%)։ Սակայն Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն նշում այն առավելությունների մասին, որ տալիս են Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները մեր տնտեսությանը»,- ընդգծեց նա։ Ղուկասյանը նշեց, որ Փաշինյանի Ժնև և Փարիզ կատարած այցից հետո Հայաստանում հակառուսական հռետորաբանությունը շատ ավելի ակտիվացել է, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից ամեն օր հարձակումներ ենք լսում ՌԴ դեմ, բայց նման քաղաքականությունը չի կարող վերջնական արդյունք ունենալ։ Նրա խոսքով, երկրների միջև խնդրահարույց հարցերը լուծվում են այլ, փակ ռեժիմով, այլ ոչ նպատակային հրապարակային դարձվում։ Այսպիսով, այստեղից կարելի է եզրակացնել, որ նպատակը ոչ թե այս հարցերի լուծումն է, այլ իրավիճակի էլ ավելի սրումը։ Նա նաև նշեց, որ տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, որ իշխանությունները նախատեսում են դիմել Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ «Նման կարգավիճակ ստանալու համար արտաքին ուժերը, անշուշտ, շահագրգռված են Հայաստանը տեսնել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները խզող երկիր։ Միամտություն է կարծել, որ Ռուսաստանի հետ քաղաքական ընդմիջումից հետո Հայաստանը տնտեսական բարգավաճում կունենա։ Նման քաղաքականությունը կարող է Հայաստանին բերել, մեղմ ասած, ոչ լավ վիճակի»,- ասաց նա։ Հատկանշական է, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել Ռուսաստանի Դաշնությանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իր սահմանապահների դուրսբերման մասին։ Պեսկովի հայտարարությանը անմիջապես հաջորդեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանն արդեն գրավոր ծանուցել է ՌԴ-ին ռուս սահմանապահների դուրս բերման մասին: Այնուհետև, նկատեց Ղուկասյանը, ամենայն հավանականությամբ փորձ կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ռուս սահմանապահներին դուրս բերել Հայաստանի ողջ տարածքից, որից հետո հերթը կհասնի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային. «Սա արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացո՞ւմ է, թե՞ անվտանգության համակարգի, ինչպես ասում են իշխանությունները։ Մենք բոլորս հանդես ենք գալիս Հայաստանի բարօրության և բարգավաճման, նրա ինքնիշխանության և անվտանգության օգտին, սակայն այդ քայլերն ու այն քաղաքականությունը, որ այսօր իրականացնում է ՀՀ կառավարությունը, չեն կարող ապահովել մեր երկրին լավ ապագա։ Այս քայլերը, հակառակը, մեզ համար ավելի լուրջ ռիսկեր ու սպառնալիքներ են ստեղծում։ Երբեք Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականությունը ոչ մի երկրի լավ արդյունք չի տվել։ Օրինակները շատ են, և պետք է միայն շուրջը նայել»,- ընդգծեց Արման Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Փաշինյանը ծրագրում է աշնանը հանրաքվե անցկացնել Սահմանադրությունը փոխելու համար, Ղուկասյանն ընդգծեց, որ եթե հանրաքվեն կայանա, ապա ժողովուրդն է, որ պետք է քվեարկի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության օգտին և ՀՀ իշխանությունների կողմից 44-օրյա պատերազմից հետո հակառուսական տրամադրությունների ընդգծված գեներացումը հենց վերը նշված նպատակն է հետապնդում։ Այսինքն, ժողովուրդը քվեարկելու է՝ զրկված լինելով իմանալ ճշմարտությունը, քանի որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում ամբողջ պետական քարոզչամեքենան, օգտագործելով բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսները, ՌԴ-ին մեղադրել է ամենատարբեր մեղքերի մեջ։ Բայց իրականում, կարծում է Ղուկասյանը, ՀՀ իշխանությունը ողջ պատասխանատվությունը բարդեցին ՌԴ վրա՝ նրան դարձնելով Հայաստանի բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորը։ Ի դեպ, նկատեց բանախոսը, նման քաղաքականությունն արդեն իսկ բացասական արդյունքներ է տալիս. «Ցավով պետք է արձանագրենք, որ 2023 թ-ին Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Ռուսաստանի հարևան երկրների բարեկամության վարկանիշում, որը կազմել է Կապի զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (Մոսկվա), մինչդեռ 2022 թվականին Հայաստանը 5-րդ հորիզոնականում էր։ Մեկ տարում վարկանիշային աղյուսակում թռիչքքաձևանկում ենք ապրել՝ շնորհիվ այն քաղաքականության, որն այսօր ակտիվորեն իրականացնում է պաշտոնական Երևանը»,- եզրափակեց Ղուկասյանը։

Լրահոս