Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը Արևմուտքին հետաքրքի չէ, և սա չհասկանալը անհեռատես քաղաքականություն է․ քաղաքագետ

Հավաքական Արևմուտքի միակ նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է. ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը Արևմուտքին հետաքրքի չէ, և սա չհասկանալը անհեռատես քաղաքականություն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը: Աշխարհում տեղի ունենող գլոբալ փոփոխություններ և զարգացումների ֆոնին Հայաստանի համար այսօր ամենակարևոր օրակարգային հարցը բանակցություններն են Ադրբեջանի հետ. «Մենք մտել ենք ճակատագրական փուլ և ակատեսն ենք, թե ինչպես են տարբեր խաղացողներ փորձում գործընթացը վերցնել իրենց ձեռքը, և ամենավտանգավորը, ինչ կարող է լինել և դա, ցավոք, արդեն եղել է, Հայաստանը ներքաշվել է ՌԴ-Արևմուտք բախման մեջ: Հայաստանի ոչ հեռատես և ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է շատ ծանր և բարդ իրավիճակում»,- ասաց նա: Անդրադառնալով վերջին բանակցություններին, բանախոսը նկատեց, որ Մոսկվայում թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցույց տվեցին, որ հակված են հարցը լուծվի արևմտյան հարթակներում, որովհետև որևէ կառուցողական բանակցություն կամ ցանկություն հարցը լուծելու ռուսաստանյան մոտեցումների շրջանակներում չենք տեսնում: Եվ սա պարադոքսալ է, որովհետև արևմտյան մոտեցումը նախատեսում է Արցախի հայաթափում և Արցախի հարցի փակում՝ տալով այն Ադրբեջանին: Մինդչեռ ՌԴ-ն հայտարարում է, որ Արցախում պետք է մնան հայեր, մնան խաղաղապահներ, այսինքն Արցախի հարցը չի փակվի: Ըստ Ղուկասյանի՝ ՀՀ իշխանությունները տանում են երկիրը հակառուսական ճանապարհով և դա արվում է բացահայտ առաջին դեմքերի մասնակցությամբ. «Մենք տեսնում ենք հակառուսական հստակ քարոզչություն, որը տարվում է տարբեր գործիքներով, բայց ամենավտանգավոր մասն այն է, որ կեղծ օրակարգ է ձևավորվում: Այն է՝ ՀՀ-ն ունի, իբր, ընտրության հնարավորություն՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք: Բայց հարց է առաջանում՝ մեզ երբեևէ հրավիրե՞լ են ՆԱՏՕ, երբևէ հրավիրել են դառնալ ԵՄ անդամ, մեզ երբևէ այլընտրանքային հստակ երաշխիքներ կամ անվտանգային համակարգ առաջարկե՞լ են Արևմուտքի կողմից: Ո՛չ, որևէ պաշտոնական առաջարկ չի եղել: Մինչդեռ այս ուղղության ջատագովները ՀՀ իշխանություններին առաջարկում են հրաժարվել՝ լավ թե վատ, խնդիրներ ունեցող, այո՛, բայց հստակ գործող համակարգից հանուն իլյուզիաների, ինչը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար: Այլընտրանքային անվտանգային որևէ համակարգ Հայաստանին որևէ մեկը չի առաջարկել, որևէ այլընտրանք Արցախում ռուս խաղաղապահներին չի առաջարկել, և դա ուղղակի կեղծ շահարկում է, թե ռուս խաղաղապահների փոխարեն Արցախում կտեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ: Ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրք խաղաղապահներն են, որն էլ հենց Թուրքիայի վաղեմի նպատակն է: Անկարան մշտապես ցանկացել է Արցախում «խաղաղապահ» խաղալ»,- ընդգծեց նա: «Մենք արդեն մտել ենք ցնցումների փուլ և սա կարող է լինել ճակատագրական: Աշխարհաքաղաքական գործընթացներին նայել էմոցիաների տեսանկյունից, ինքնախաբեության և պոպուլիզմի տեսանկյունից ինքնաոչնչացում է և հենց այդ ճանապարհով մեզ տանում են ՀՀ իշխանությունները: Փաշինյանն ու ԱԽ քարտուղարը հայտարարում են, որ քննարկվում է և օրակարգում կա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Այո, ՀԱՊԿ-ը իդեալական կառույց չէ, կան խնդիրներ, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է, որովհետև դրա շարժիչ ուժը ՌԴ-ն է՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Հետևապես ինքնախաբեություն է, երբ ոմանք ասում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից և պահպանենք լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ. Դուրս գալով ՀԱՊԿ-ից մենք դեմարշ ենք անում ՌԴ դեմ»,- հայտարարեց Արման Ղուկասյանը: Նա շեշտեց, որ փորձ է արվում Հարավային Կովկասն ամբողջությամբ ապակայունացնել, և դա նույն ուժերն են, որ ապակայունացրել են իրավիճակը Ուկրաինայում՝ հավաքական Արևմուտքը: Բայց հարկ է հիշել, որ Արևմուտքի համար ո՛չ Արցախի, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը ընդհանրապես հետաքրքիր չէ, նրա միակ շահն այն է, որ ՌԴ-ն դուրս բերվի տարածաշրջանից և փոքր երկիր Հայաստանը հայտնվել է մեծերի կռվի կիզակետում: Իսկ դա սխալ արտաքին քաղաքականության, ինքնախաբեության, պոպուլիզմի արդյունք է: Նա կարևորեց նաև հանրության դիրքորոշումը, որը պետք է դուրս գա ուղղակի դիտորդի կարգավիճակից, քանզի վտանգավոր գործընթացները, որոնց հեղինակը այս իշխանություններն են, տանում են երկիրը կործանման:

Լրահոս