Շնորհակալ եմ, որ եկել եք, բայց այս անձրևի տակ պետք չէ կանգնել. Սերժ Սարգսյան

Շատ շնորհակալ եմ, որ եկել եք, բայց էս անձրեւի տակ պետք չի կանգնել: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի մոտ դիմելով իր աջակիցներին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք Սերժ Սարգսյանին առողջություն ցանկացան: Ի պատասխան Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ու նստեց մեքենան: Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 9-ին շարունակվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Լրահոս