Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներ

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են 2 բեռնատար, 1 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։ Շինարարական աղբավայրում մոտ 1000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։ Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ դեպքի վայրում աշխատել են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Լրահոս