Նոր Խարբերդ համայնքի խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքի վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 460-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննություն է տարվում՝ նույն մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար: 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:25-ին քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Նոր Խարբերդ համայնքի շենքերից մեկի մոտ նռնակով հարձակվել են իր որդու վրա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ նկատել են նույն համայնքի 35-ամյա բնակչի, ում ձեռքին եղել է նռնակ: Բանակցության արդյունքում տղամարդը մարտական նռնակը հանձնել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին և տեղափոխվել Ոստիկանության բաժին: Նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված հագուստի խանութի 35-ամյա նախկին սեփականատերը նռնակը ձեռքին մտել է խանութ, սպառնացել, որ այն կպայթեցնի և պահանջել վերոհիշյալ քաղաքացու որդուն խանութից դուրս գալ: Վերջինս անմիջապես հեռացել է, որից հետո լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հիշյալ խանութի պատուհանների ապակիները կոտրված են, պատերի վրա առկա են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ: Հայտնաբերվել և վերցվել են նռնակի բեկորներ: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք: Նույն օրը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Լրահոս