Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել`1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ․ Արմեն Աշոտյան

Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամ, կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։ 2018-ից մինչեւ 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։ Որպես օրինակ՝ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում։ 44-օրյա պատերազմից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առեւտրային», չորրորդական, իներցիոն։ Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։ Նրանում չկան ո՛չ միջազգային ճանաչման գերակայությունը, ո՛չ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ՝ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատական։ Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարեւորության մասին թեզը, քանզի մի կողմից նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը եւ հետեւողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից՝ տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։ Նիկոլը ո՛չ հիշում է, ո՛չ պահանջում։ Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։ Հ.Գ. Չեմ զարմանա, որ պարզվի. Նիկոլի այսօրվա տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Լրահոս