«Ներկայացրել եմ  տարածաշրջանային վերջին զարգացումները». Սուրեն Պապիկյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։ «Դեսպանին եմ ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։ Մտքեր ենք փոխանակել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Լին Թրեյսիին ներկայացրել եմ տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը եւ դրա հետեւանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Բարձր եմ գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- նշվում է նախարարի հաղորդագրության մեջ։

Լրահոս