Նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները

Նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Ոստիկանության գործունեությունը, նրա խոսքով՝ կկենտրոնանա չորս հիմնական ուղղություններում։ Խոսքը, մասնավորապես, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանական գվարդիայի եւ Ունիվերսալ ոստիկանության մասին է։ Այս ամենը, նշել է Ղազարյանը, նշյալ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի մի մասն է։ Վերոնշյալ բոլոր կառույցներն ունենալու են տարածքային մասնաճյուղեր։ Կրկնվող գործառույթները կհասցվեն զրոյի։ Իսկ որպես լավագույն օրինակ նա նշել է Պարեկային ծառայության գործունեությունը։ Այն կներդրվի ամբողջ հանրապետությունում։ «Ներկայում այդպիսի ծառայություններ գործում են Երեւանում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում։ Դրանց համար պահանջվել է 315 ավտոմեքենա։ Ծառայությունն ունի անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումները։ Ընթանում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում Պարեկային ծառայության ներդրման աշխատանք»,- նշել է Ղազարյանը։

Լրահոս