Մի քանի ժամ տեւած անկարգությունները Երուսաղեմում. մանրամասներ

Մի քանի ժամ տեւած անկարգություններից հետո Արեւելյան Երուսաղեմը հանդարտվել է։ Ոստիկանությունը պատրաստվում է նոր բախումներին։ Թեթեւակի հանդարությունն, ըստ երեւույթին, վերադարձել է Երուսաղեմ հինգշաբթի առավոտյան, ամբողջ քաղաքի պաղեստինյան թաղամասերում մի քանի ժամ տեւած բախումներից հետո։ Բայց եւ այնպես, անվտանգության իսրայելական ուժերը պատրաստվում են հնարավոր նոր մարտական գործողություններին առաջիկա օրերին, տեղեկացրել է Cursorinfo-ն։ Պաղեստինցի ընդվզողները չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը քարեր եւ այրվող խառնուրդով շշեր են նետել, ճայթռուկներ գցել եւ այրել անվադողեր ու աղբամաններ մի քանի շրջաններում։ Սպասվում է, որ առաջիկա օրերին ոստիկանությունը կմեծացնի ուժերի թվաքանակն ամբողջ մայրաքաղաքում, տեղեկացրել է «Կան» հանրային հեռուստառադիոընկերությունը։ Haaretz-ի տվյալներով՝ սահմանապահ ոստիկանության չորս պահուստային ստորաբաժանում տեղեկացվել է, որ հնարավոր է, որ նրանք գործադրվեն, որպեսզի օգնեն քաղաքի անվտանգության ապահովմանը։ Սպասվում է, որ ստորաբաժանումների տեղակայման մասին որոշումը կընդունվի հինգշաբթի առավոտյան, նշվել է հաղորդագրությունում։ «Սա «Պատերի պահապաններ 2» չէ, բայց իրավիճակը Երուսաղեմում կարող է դուրս գալ վերահսկողությունից», «Կան» հեռուստաալիքին ասել է անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ նկատի ունենալով Իսրայելի եւ Գազայի ահաբեկչական խմբավորումների միջեւ հակամարտությունն անցած տարվա մայիսին եւ դրան ուղեկցող բռնությունն Իսրայելում հրեաների եւ արաբների միջեւ։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ երկու սպա թեթեւ վիրավորումներ է ստացել ինքնաշեն պայթուցիկների պայթյունից Իսավիա շրջանում։ Կադրերում երեւում է բանակային ջիպը, որն այրվում է։ Պաշտոնական անձինք հինգշաբթի առավոտյան հայտարարել են, որ վերջին օրերին 23 մարդ կալանավորվել է Երուսաղեմի անկարգությունների հետ կապված, ընդ որում՝ ինը կալանովորվել է Իսավիայի տների շուրջկալի ժամանակ՝ բռնությանը հանցակցության կասկածանքով։ Ամբողջ գիշեր ճայթռուկների եւ ձայնային նռնակների թնդյունն արձագանքել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տեղեկացվել է Արեւելյան Երուսաղեմի բոլոր շրջաններում բախումների մասին։ Շեյխ Ջարում տեղեկություններ են ստացվել հրեաների եւ արաբների միջեւ մարտերի մասին, ընդ որում՝ երկու խմբերն, ըստ երեւույթին, զինված են եղել քարերով։ Տեղեկություններ են ստացվել նաեւ բռնությունների մասին Սիլվանում, Կաֆր-Աքաբում եւ Ա-տուրում։ Բռնությունն սկսվել է մայրաքաղաքում եւ Սամարիայում աճող անկարգությունների ֆոնին, որտեղ չորեքշաբթի երեկոյան ինքնաբուխ բախումներ են եղել։ Տեղեկացվել է նաեւ, որ իսրայելական զորքերը նորից հրետակոծվել են Շխեմում այսօր վաղ առավոտյան, երբ ուղեկցում էին հրեա ուխտագնացների ոչ մեծ խմբին Հովսեփի գերեզմանի մոտ։ Հիշեցնենք, որ Շուաֆաթում մի քանի օրվա ընթացքում շարունակվում էին անկարգությունները, որտեղ իսրայելական ուժերը փակել էին տարածքը շաբաթ օրվա գիշերը՝ մերձակա անցակետի գնդակոծությունից հետո։ Անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ իսրայելցի հրեաները նշում էին Սուկոտ տոնը, որը սովորաբար հազարավոր այցելուներ է բերում Երուսաղեմ եւ նրա Հին քաղաք, ինչը հաճախ առաջ է բերում լարվածություն պաղեստինցի բնակիչների հետ հարաբերություններում։

Լրահոս