Միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել. Աբրահամյան

Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան: «Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին: Այս լուրերն ուղեկցվում է ադրբեջանցիների` «Կաշեն»-ի ու «Դրմբոն»-ի հանքերում ստուգումներ անելու և միջանցքում ադրբեջանական սկան սարքավորում տեղակայելու տեղեկություններով: Արցախի նախագահի խոսնակն այս առիթով նշել է, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի միջանցքը կարճ ժամկետում բացվի: Վերջինս նաև ասել է, որ ադրբեջանցիների հետ հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել գազամատակարարման վերականգնման և ՀՀ-ն Արցախին կապող էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ: Ադրբեջանն իր նախաձեռնած «բազարի» շրջանակներում արդեն կատարված է համարում իր կադրային միջամտության հետևանքներն Արցախում` պետնախարսրի ազատման տեսքով, ինչի մասին բարձր մակարդակով խոսվում է: Անկախ այն հանգամանքից, թե իրականում ինչ հիմքով է Արցախի նախագահը պետնախարսրին ազատել այդ պաշտոնից, Ադրբեջանում այն սեփական հաղթանակն են համարում, քանի որ ըստ իրենց` Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրացիային»: Թե միջանցքի բացման հիմքում ինչ այլ պահանջներ կդնի Ադրբեջանը և քանիսը կիրականացնի հայկական կողմը, հիմնականում տեսանելի է, սակայն իրադարձություններից առաջ չընկնեմ: Մեկ անգամ ևս կրկնում եմ` միջանցքի բացումն ինքնանպատակ չպետք է լինի, ադրբեջանական ծուղակում չպետք է հայտնվել, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գին է վճարվում միջանցքի բացման համար` անկախ նրանից, թե դա ում «քավորությամբ» է»,- գրել է նա:

Լրահոս