Մենք մեզ չինացիներին չենք տա. Իտալիայի արդյունաբերության նախարար

Իտալիան կախված չի լինի չինական առեւտրից կամ տեխնոլոգիաներից եւ կպաշտպանի ռազմավարական համարվող ցանկացած սեկտոր, ասել է արդյունաբերության նոր նախարար Ադոլֆո Ուրսոն՝ մեկնաբանելով Գերմանիայի վերջերս կայացրած որոշումը՝ թույլ տալ չինական Cosco-ին բաժին ունենալ Համբուրգի նավահանգստային տերմինալում, որը գտնվում է HHLA լոգիստիկ ընկերության տնօրինության տակ եւ որն աշխատում է նաեւ իտալական Տրիեստ նավահանգստում, տեղեկացրել է Reuters-ը։ «Մենք մեզ չինացիներին չենք հանձնի»,- ասել է Ուրսոն լրագրողներին Հռոմի համաժողովում։ «Եթե ոմանք մտադիր են էներգետիկ կախվածությունից, ասել է թե՝ ռուսական հզորությունից անցում կատարել Չինաստանից տեխնոլոգիական կամ առեւտրային կախվածությանը, մենք այդ ճանապարհով չենք գնալու»,- ավելացրել է Ուրսոն։ Իտալիան 2019թ. դարձավ առաջին խոշոր արդյունաբերական զարգացած երկիրը, որը միացավ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Policy Sonar քոնսալթինգային ընկերության հիմնադիր Ֆրանչեսկո Գալիետին ասել է, որ Իտալիան ավելի արագ է առաջ գնում, քան Գերմանիան, Ռուսաստանից եւ Չինաստանից հեռանալու հարցում։ «Տրիեստը եւ Համբուրգը սիամյան երկվորյակներ են։ Դրանք երկու կարեւոր նավահանգիստենր են, երկուսն էլ գտնվում են ռազմավարական միջանցքներում, որոնք միացնում են սառը ծովերը Միջերկրականի հետ»,- ասել է նա։ Ուրսոն մինչ այդ հայտարարել էր, որ Ջորջիա Մելոնիի վարչակազմը կշարունակի օգտագործել օրենսդրությունը, որն արգելում է ընկերությունների կլանումը կամ այսպես կոչված «ոսկե լիազորությունները» անցանկալի առաջարկների կանխման համար այն ճյուղերում, որոնք համարվում են ռազմավարական առումով կարեւոր։ Նախկին վարչապետ Մարիո Դրագին քանիցս օգտագործել է ոսկե լիազորությունները, որպեսզի արգելափակի Չինաստանի՝ իր ներկայությունը եվրոգոտու մեծությամբ երրորդ տնտեսությունում ընդլայնելու փորձերը։

Լրահոս