Մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ուղարկում, ինքը այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում. Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ դե պատերազմում հաղթել եմ, էս ինչ բանակցություններ են, 5 սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք, եթե 2023-ին չստորագրեք, լայնածավալ հարձակում եմ սկսում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր լրագրողները հարցնում են՝ հիմա եթե այսպես է իրավիճակը, հնարավո՞ր է՝ գնաք եւ ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ, մենք պատրաստ ենք գնալ որոշակի լուծումների, պատասխանատվություն վերցնել: Հիմա նաեւ միջազգային հանրության դիրքորոշում է ձեւավորվում, որը շատ սաղմնային վիճակում է, որի վրա մենք պետք է աշխատենք, որ ամրանա. Ըստ էության, մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ուղարկում, ինքը այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում: Երբ մենք այս խնդիրը ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, մենք զգում ենք իրենց մոտ այսպիսի ռեակցիա, իրենք ասում են՝ սա խաղաղություն չի, որովհետեւ այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը տեւական խաղաղություն ու կայունություն չի բերի, ընդհակառակը, նոր ճգնաժամերի կբերի: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, որոնք թեկուզ մեր երազածը չեն, բայց կբերեն տեւական, երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն»,-հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, Ադրբեջանն օգտագործում է սպառնալիքի լեզուն, այդպես է եղել նաեւ պատերազմից առաջ: « Ադրբեջանն ասում էր՝ տվեք ինձ այն, ինչ ես ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես դա կստանամ պատերազմով: Ու դա շատ ծանր ընտրություն էր: Կարո՞ղ է այն ժամանակ ճիշտ էր այն, ինչ Ադրբեջանն ստացավ պատերազմով, տայինք առանց պատերազմի եւ խուսափեինք զոհերից: Բայց երաշխիք չկար, որ ինքն այդտեղ կկանգներ, հիմա էլ չկա այդ երաշխիքը: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ խաղաղության տեքստի մեջ Ադրբեջանը դնում է ականներ, որ նույնիսկ դրա ստորագրելուց հետո շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Սա է ֆունդամենտալ պրոբլեմը»: Դիտարկմանը, որ գուցե խնդիրն այն է, որ խաղաղությունը պարտադրում են, վարչապետն ասաց. «Ես այլ կերպ կձեւակերպեի. խաղաղությունը պետք է վաստակել: 1994-ին հակառակ իրավիճակն էր, բայց մենք չենք կարողացել այդ խաղաղությունը պարտադրել, իսկ պարտադրելն այն կլիներ, որ Ադրբեջանը ստորագրեր այն, ինչը մենք ուզում էինք: Հիմա էլ Ադրբեջանն է մտծում, որ կարող է պարտադրել, մենք ասում ենք, որ երկուստեք պարտադրելու տրամաբանությանը կողմ չենք, մենք համարում ենք, որ խաղաղությունը ձեռքբերում պետք է լինի տարածաշրջանի համար»: Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել մեծ էսկալացիային, Փաշինյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ կանենք, որ չլինի էսկալացիա, իսկ հնարավոր հարձակման դեպքում ամեն ինչ կանենք մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

Լրահոս