Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ հայտարարության մասին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառը կողմերի տարաձայնություններն են կապված տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցով։ Նաեւ նշել էր, որ համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահպանների՝ հանքավայրեր այցելության պայմանները: Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Լրահոս