Մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ Գործադիրը նախատեսում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ եւ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավումը»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Ըստ նախագծի՝ այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված եւ անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

Լրահոս