ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից: ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով, որ ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։ Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվեց 2012թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց նրա առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից։ Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։ «Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - նշեց պարոն Լակրուան։ Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։

Լրահոս