Մակրոնը ԱՄՆ-ը եւ Չինաստանն անվանել է «նյարդային փղեր»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերջ դնել «առճակատմանը»՝ ելույթ ունենալով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՕՏՀ) գագաթաժողովի շրջանակում, տեղեկացրել է AFP-ն։ Մակրոնը Ֆրանսիան անվանել է հավասարակշռող ուժ տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխել է գերտերություններ Չինաստանի եւ ԱՄՆ-ի պայքարը։ «Մենք չենք հավատում հեգեմոնիային, մենք չենք հավատում առճակատմանը, մենք հավատում ենք կայունությանը»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ դեր պետք է խաղան տարածաշրջանային տերությունները, ներառյալ Ֆրանսիան, որը տարածքներ ունի Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում, ներառյալ Ռեյունիոնը, Նոր Կալեդոնիան եւ Ֆրանսիական Պոլինեզիան։ «Մենք ջունգլիում ենք, եւ մենք երկու մեծ փիղ ունենք, որոնք ավելի ու ավելի նյարդային են դառնում»,- ասել է Մակրոնը։ «Եթե նրանք շատ նյարդայնանան եւ պատերազմ սկսեն, դա մեծ խնդիր կդառնա ջունգլիի մյուս բնակիչների համար։ Կպահանջվի մեր համագործակցությունն այլ կենդանիների հետ՝ վագրերի, կապիկների եւ այլն»։ Նա նշել է, որ հարկավոր է համախմբել գործողությունները՝ միմյանց վրա գումարվող ճգնաժամերի հաղթահարման համար, որոնց բախվում է միջազգային հանրությունը՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ տնտեսական ցնցումներ՝ պայմանավորված Ուկրաինայում պատերազմով։ «Մեր ռազմավարությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այն է, թե ինչպես ապահովենք դինամիկ հավասարակշռություն այս միջավայրում»։ Մակրոնը պատերազմն Ուկրաինայում անվանել է գլոբալ անկայունության հիմնական աղբյուրը եւ ասել, որ ասիական բոլոր երկրները պետք է ընդունեն գործելու իրենց պարտականությունը։ Ֆրանսիան աշխատել է «աճող կոնսենսուսի ստեղծման ուղղությամբ, որպեսզի ասի, որ այս պատերազմը նաեւ ձեր խնդիրն է, որովհետեւ այն առաջ է բերում մեծ ապակայունություն»,- ասել է Մակրոնը։

Լրահոս