Ղազախստանի նախագահը հաստատել է հանրապետության թարմացված Ռազմական դոկտրինը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաստատել է երկրի Ռազմական դոկտրինը փոխելու մասին հրամանագիրը։ Նորացված փաստաթղթի մասին տեղեկացվել է հանրապետության պաշտպանության նախարարության կայքում։ «Փաստաթղթում արացոլվել են ժամանակակից այն պայմանները եւ գործոնները, որոնք ազդում են ռազմական սպառնալիքների եւ անվտանգության վրա։ Դրանում ներառվել են գործունեության նոր ուղղությունները ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական ոլորտներում, ռազմական ոլորտում նորմատիվ իրավական ակտերի համակարգման եւ ռազմական պլանավորման համակարգի ներդրման միջոցները»,- նշվել է պաշտպանական գերատեսչության հայտարարությունում։ Պաշտպանության նախարարությունում նշել են, որ թարմացված փաստաթուղթն ընդլայնում է հանրապետության ռազմական պոտենցիալը՝ նոր վտանգներին եւ մարտահրավերներին արձագանքելու առումով։ Բացի այդ, նախատեսված է կատարելագործել հատուկ գործողությունների ուժերը, ինչպես նաեւ ընդլայնել դրանց փոխգործակցությունը պետության այլ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ։ Նշվել է, որ 2021թ. սեպտեմբերի 1-ին Տոկաեւն իր ուղերձում նշել էր Ռազմական դոկտրինի վերանայման անհրաժեշտության մասին։

Լրահոս