Ղազախստանը չեղյալ կհայտարարի ռուբլու եւ թենգեի փոխարկելիության համաձայնագիրը Ռուսաստանի հետ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ համաձայնագիրը ռուբլու եւ թենգեի փոխադարձ փոխարկելիության եւ փոխարժեքների կայունության միջոցների մասին, քանի որ այն կորցրել է արդիականությունը։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության կառավարության որոշման նախագծին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Պայմանագիրը կնքվել է 1995թ. հունվարի 20-ին։ Փաստաթղթի նախագիծը հանրային քննարկման է դրվել մինչեւ հունվարի 20-ը։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, փաստաթղթի ընդունման դեպքում, պետք է Ռուսաստանի կառավարությանը տեղեկացնի չեղարկման մտադրության մասին։ Անցած տարվա վերջին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին երկիր էր հրավիրել Ռուսաստանից հեռացած բոլոր օտարերկրյա ընկերություններին։ Նրա խոսքով՝ հանրապետությունն օտարերկրյա ներդրումների օգնությամբ կկարողանար դառնալ տարածք, որը Եվրոպան կկապեր Ասիայի հետ։ Ճապոնական հեռուստաալիքի եթերում դիվանագետը խոստացել էր, որ Աստանան պատժամիջոցներ չի մտցնի Մոսկվայի դեմ, բայց եւ արեւմտյան սահմանափակումները շրջանցելուն չի օգնի։ Ղազախստանը, ռուսական նավթից Գերմանիայի հրաժարվելու ֆոնին, հաստատել է նաեւ իր նավթը եվրոպական երկիր «Դրուժբա» նավթամուղով մատակարարելու պլանները։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հավանություն տալ համապատասխան հայտին։

Լրահոս