Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները. Զոհերի թիվը հասել է 32-ի

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 32 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։ Դեպքը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում Էվանգելիսմոս կայարանում՝ Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք: Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, Աթենքից մեկնում էր Սալոնիկ: Վիրավորներից առնվազն 20-ի վիճակը ծանր է։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար վագոններ դուրս են եկել ռելսերից։ Արտակարգ դեպքի վայր է ուղարկվել 40 հրշեջ և 17 տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 30 մեքենա։ Վիրավորներին տեղափոխում են Լարիսայի համալսարանական հիվանդանոց, իսկ Լարիսայի գլխավոր հիվանդանոցը և Կատերինիի հիվանդանոցը բացվել են շտապ կարգով։ Աթենքի և Սալոնիկի զինվորական հոսպիտալները պատրաստության են բերվել անհրաժեշտության դեպքում վիրավորներին ընդունելու համար։ Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը մեկնել է հիվանդանոցներ. Քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը գտնվում է օպերատիվ կենտրոնում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դեպքի վայրից անընդհատ տեղեկություններ է ստանում։ Hellenic Train ընկերության կայքը երեքշաբթի տեղեկացրել է գնացքների շարժի մշտական ուշացումների մասին։ Մասնավորապես, Աթենք-Սալոնիկ գնացքը մեկնել է 48 րոպե ուշացումով։ Սալոնիկից Աթենք գնացքը ուշացել է 70 րոպեով։

Լրահոս