Հոկտեմբերի 21-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսը

Հոկտեմբերի 21-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Ռոբերտ Շումանի ինստիտուտի շրջանավարտների 5-րդ միջազգային կոնֆերանսը հետեւյալ թեմայով՝ «Եվրոպայի 2023 թվականի տեսլականը»։ Ուրախ եմ, որ բազմաթիվ շրջանավարտներից մասնակցելու եւ Եվրոպացի գործընկերների հետ Եվրոպայի հնարավոր զարգացումներն ուրվագծելու հնարավորություն էր տրվել նաեւ ինձ։ Թվայնացումից մինչեւ էներգետիկ անվտանգություն եւ այլ օրակարգային հիմնախնդիրներ քննարկելուց զատ՝ ես օգտագործեցի այս կոնֆերանսը որպես հերթական կարեւոր հարթակ՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, բազմաթիվ գերիների, այն կտտանքների ու խոշտանգումների մասին, որոնց նրանք ենթարկվում են, ինչպես նաեւ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հակաժողովրդավարական ամենաթողության մասին։ Ես իմ ելույթում Եվրոպային կոչ արեցի Ադրբեջանի հասցեին ուղղված քննադական ելույթներից անցում կատարել հստակ գործողությունների։ Ելույթում եւ մասնավոր զրույցների ու քննարկումների ժամանակ հստակ հարցադրում հնչեց՝ արդյո՞ք Եվրոպական քաղաքական վերնախավը պատրաստ է և կարո՞ղ է ադրբեջանական ագրեսիայի շարունակության դեպքում կիրառել սանկցիաներ և՜ Ալիևի, և՜ Ադրբեջանի դեմ։ Հակառակ դեպքում մնացյալ ամեն բան՝ ելույթներ, սատարման խոսքեր, պարզապես հավատ չի ներշնչում։ Խոսելով Եվրոպական կարգավորման պլանի մասին՝ որը, ըստ մամուլի հրապարակումների, ենթադրում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ, ես վերահաստատեցի, որ այն պարզապես անընդունելի է հայ ժողովրդի համար։ Հայ հասարակության աչքերում Եվրոպական քաղաքական այս ծրագիրը չի կարող հավանության արժանանալ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ Արցախի կարգավիճակի քննարկման, կամ առնվազն հետաձգման։ Որպես վերջաբան՝ ես հույս հայտնեցի, որ Եվրոպան, վերջապես, խոսքը գործ դարձնելով, կբռնի ագրեսոր եւ արյունարբու Ադրբեջանի ձեռքը՝ վերջ տալով հայերի՝ հայ լինելու համար հալածվելուն, եւ հանուն արդարության ու խաղաղության վերականգման։ Հայաստանի հանրապեսական կուսակցությունը, ունենալով միջազգային լայն կապեր եվրոպական տարբեր կառույցների հետ՝ այդ թվում Ռոբերտ Շումանի ինստիտուտի, շարունակում է ներկայացնել Հայաստանի ազգային ու պետական շահերը։

Լրահոս