Հիմա չենք կարող արձանագրել, որ Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության տակ է. Արարատ Միրզոյան

Հայաստանը մասնակցում է բանակցություններին կառուցողական տրամադրվածությամբ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն է։ «Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»,- ասաց Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց՝ բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար էսկալացիոն քաղաքականություն է վարում Հայաստանի հետ սահմանին, խախտում եռակողմ հայտարարության դրույթները։ «Դրա վերջին դրսևորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, մենք, սակայն, հիմա չենք կարող նման արձանագրում անել»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Լրահոս