Հարկավոր է կոնսոլիդացնել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ռեսուրսները, բացառել ցանկացած թեզ, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում․ Վահե Հակոբյան

Ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, ըստ որի, իրենք ոչ մի գործ չունեն Արցախի հետ, «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկմանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:  Քաղաքական գործիչն այս համատեքստում հիշեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հնչեցված հայտարարությունն, ըստ որի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի առնչությամբ (վերաբերում է Լաչինի միջանցքին-խմբ․) Հայաստանն անելիք չունի «Սա շատ էժան սուտ է և մանիպուլյացիա, քանի որ նույն այդ անձնավորության ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ, և նա ուզի, թե չուզի, կրում է այդ պատասխանատվությունը թե΄ վերցրած, թե΄ չկատարված պարտավորությունների նկատմամբ»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով՝  աշխարհաքաղաքական բախումների, զարգացումների շրջանակում Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղերն առաջ տանել։ «Փոխանակ հարցեր ուղղեն նույն Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը, իսկ այդ հարցերը կան և  օբյեկտիվ են և պետք է ստանան պատասխանենր, նրանք անում են ուրիշ բան` շարունում են փնովել խաղաղապահ առաքելության հեղինակությունը, ինչը հող է նախապատրաստում  ներգրավելու Արեւմուտքին»,- ասաց Վահե Հակոբյանը: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝  ստեղծված իրավիճակում ամենակարևոր դերակատարն Արցախն է, որը պետք է իր ձայնը բարձրացնի: Հարկավոր է նաև կոնսոլիդացնել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի ռեսուրսները, նաև Ռուսաստանին ու բարեկամական երկրներին ամենաբարձր մակարդակով մեսիջ փոխանցել։ «Շատ  պարզ մեսիջ է պետք փոխանցել, որ այլընտրանք չկա այսօր, քան կիրառել բանաձև` անջատում հանուն փրկության, այսինքն, Արցախի ճանաչման հարցն այսօր պետք է սարքել օրակարգում համար մեկը: Միաժամանակ, մենք պետք է բացառենք և հանենք ցանկացած օրակարգերը, որտեղ  անգամ թեթև հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դա պետք է  բացառենք»,- ասաց նա: Վահե Հակոբյանն ընդգծեց, որ  կարևոր է նաև եկեղեցու դերն ու առաքելությունը, սակայն, նրա կարծիքով, այսօր Հայ Առաքելական եկեղեցու կիրառած ջանքերը բավարար չեն։   «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահների դերակատարումը՝ նշելով՝ այդ խաղաղապահ առաքելությանն այլընտրանք չկա։  «Պետք է բարձրացնել նրանց քանակն ավելացնելու հարցը, քանի որ, ակնհայտ է, որ այսօր 1980 հոգին բավարար չեն լուծելու այն հարցերը, որոնք դրված են առաքելության վրա։ Պետք է բարձրացնել ժամկետների վերաբերյալ հարց, որ առաքելությունն անժամկետ լինի»,- նշեց նա։ Վահե Հակոբյանը նշեց նաև՝ Ստեփանակերտի և արտաքին աշխարհի միջև պետք է օդային կապ լինի, ինչը կլինի այլընտրանք․ Ադրբեջանը վերջապես կհասկանա, որ ճանապարհը փակելով հարց չի լուծվում։ «Սրանք այն կիրառելի քայլերն են, որոնք մենք այսօր պետք է անենք, ինչը հնարավոր է Հայաստան, Սփյուռք, Արցախ լիարժեք կոնսոլիդացիայի դեպքում»,- ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը։

Լրահոս